News

Պարզաբանում

January 15, 2020

Մամիկոնյանց 29 և 29ա շենքի բնակիչների կողմից հրապարակված բաց նամակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Կոմիտաս 49/4 շենքը շահագործման օրվանից (1982թ.) եղել է Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ իրականացվել են տարբեր գիտահետազոտական փորձաքննություններ:

1993 թվականից շենքի 2-րդ հարկը տրամադրվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ին, որպես լաբորատոր մաս, որը մինչ օրս տարածքային որևէ փոփոխության չի ենթարկվել: Փորձագիտական կենտրոնը 100% բաժնեմասով պետական ընկերություն է, և ինչպես մյուս բոլոր պետական հաստատությունները, աշխատում է ժամը 9:00-18:00-ն: Ուստի, բացառվում է աշխատանքային ժամից դուրս որևէ գործունեության ծավալումը:

Նշենք, որ փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիան դեղերի որակի փորձաքննության ոլորտում գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան և հավատարմագրվել է ISO/IEC 17025:2005, ISO/IEC 17025:2017 միջազգային ստանդարտներով, նաև հավատարմագրվել է Հավատագրման ազգային մարմնի կողմից և համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԵԿ 17025:2005 ստանդարտի պահանջներին:

Լաբորատորիայում պարբերաբար անցկացվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից իրականացվող աուդիտներ և վերահսկվում է աշխատանքային գործընթացների որակն ու անվտանգության պայմանները, դրանց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Մանրէաբանական ողջ տարածքը առանձնացված է հատուկ օդափոխանակման համակարգով և օդային ֆիլտրերով՝ անվտանգության կանոներին համապատասխան:

Միաժամանակ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի փոփոխված նոր կարգի համաձայն` կտրուկ նվազել են դեղերի փորձաքննությունների քանակները: Այսպես` եթե 2017-ին և 2018-ին կատարվել է 1630 և 1479 փորձաքննություն, ապա 2019 թվականին` 644:

Բոլոր թափոնները, այդ թվում` քիմիական, դեղագործական, ապաակտիվացված մանէաբանական սննդային միջավայրերի, ապակեղենի և ցանկացած այլ տեսակի, հավաքվում և հանձնվում են ՙԷկոլոգիա՚ ՍՊԸ հավատարմագրված կազմակերպությանը՝ ոչնչացման նպատակով:

  • 8003

  • hotline@moh.am

Subscribe