Նորություններ

Ներկայացվել են Հայաստանի առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումները

Նոյեմբերի 20, 2019

Հնդկաստանում կայացել է բժշկական տուրիզմի զարգացմանն ուղղված «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2019» ամենամյա միջոցառումը։

Այս տարի բժշկական էքսպոյի շրջանակներում մեր երկիրը ներկայացրել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն, թորակալ վիրաբույժ, Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դասախոս Արտակ Մանուկյանը, բժշկական և ապահովագրական աջակցություն իրականացնող «Գարանտ ասիստանս» ընկերության տնօրեն Նարինե Գրիգորյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Նինա Խլղաթյանը։ Նմանատիպ միջոցառումները լավագույն հարթակ են աշխարհի տարբեր անկյուններում ապրող գործընկերների հետ շփվելու, փորձը փոխանակելու ու նաև սեփական ձեռքբերումները ներկայացնելու առումով։

Հայաստանի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանի առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումներն ու խնդիրները` ընդգծելով, որ պետությունն ավելի շատ միջոցներ է սկսել տրամադրել ոլորտին, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու առողջապահական ծառայությունների շուկան` բարձրացնելով քաղաքացու նկատմամբ հոգածությունը։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման նոր ծրագիր է մշակվել, ներդրվել է ռադիոիզոտոպային թերապիա, և պացիենտները կարիք չունեն այլ երկրներ մեկնելու։ Միաժամանակ, փաստվել է, որ Հայաստանում արդեն կատարվում է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից:

Միջոցառման շրջանակներում հայ մասնագետները հանդիպումներ են ունեցել նաև Ուզբեկստանի, Ղրղզստանի ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցույան հնարավորությունները փոխպատվաստման, վերարտադրողական բժշկության և այլ ոլորտներում:

Կազմակերպվել են նաև այցեր Հնդկաստանի խոշոր հիվանդանոցներ:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել