Նորություններ

Հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջգերատեսչական աշխատաժողով

Նոյեմբերի 21, 2019

Առողջապահության նախարարությունը, էկոնոմիկայի նախարարության (գյուղատնտեսության ոլորտում), կառավարությանն առընթեր սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ, կազմակերպել է միջգերատեսչական աշխատաժողով` Հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները:

«Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման ուղղությամբ Հայաստանն արդեն ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ»,- նշել է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանը, հավելելով, որ 2015 թվականին կառավարության կողմից հաստատված «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության» շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, հետազոտություններ, ստեղծվել է հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստր, մայրաքաղաքի 4 հիվանդանոցում կատարվել են հակամանրէային դեղերի նշանակման օրինաչափությունների ուսումնասիրություններ:

Բացի այդ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների թիմը, «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հակազդում սննդի և գյուղատնտեսության ոլորտներում» ծրագրի շրջանակում, իրականացրել է հակամանրէային դեղերի օգտագործման և դրանց նկատմամբ կայունության (ՀՄԴՕ/ՀՄԴԿ) վերաբերյալ օրենսդրության, ինչպես նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման իրավիճակային վերլուծություն՝ օգտվելով ՊԳԿ «ATLASS» լաբորատոր և հակամանրէային դիմադրողականության գնահատման գործիքակազմից:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր հանդիսացող հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացմանը, որի կանխարգելումը պահանջում է միջոցառումներ պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում և հասարակության ակտիվ մասնակցությունն այդ գործընթացին: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են և բուժական, և կանխարգելման նպատակով: Արդյունքում, դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել