Նորություններ

Միջգերատեսչական աշխատանքային քննարկում

Դեկտեմբերի 11, 2019

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:

Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Երևանի առանձին բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կարևորելով այս հանդիպումը՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծել է յուրաքանչյուր կառույցի մասնակցությունն ու դերակատարումը գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման գործընթացում:

Քննարկմանը զեկույցով հանդես է եկել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ներկայացրել է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակը, հոսպիտալացված և պոլիլինիկական կազմակերպություններ դիմելիության պատկերը, տեղեկացրել գրիպի շրջանառող հարուցիչների մասին, ինչպես նաև անդրադարձել է կրթական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովման ուղղությամբ իրականացվող մշտադիտարկմանը:

Ներկաներն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում քննարկվել են տոնական օրերին հանրապետության պոլիկլինիկական կազմակերպություններում հերթապահությունների սահմանման հնարավորությունները, բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող մանրամասները:

«Նախարարի հրամանով սահմանված են մի շարք միջոցառումներ` համաճարակային հիվանդություններին համատեղ ուժերով դիմակայելու և այդ հիվանդությունները նվազագույնին հասցնելու ուղղությամբ»,- ասել է Լենա Նանուշյանը` հորդորելով բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սերտորեն համագործակցել նաև մարզերի գործընկերների հետ:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել