Նորություններ

ՄՌՏ հետազոտության հնարավորություն` Երևանից դուրս

Հունվարի 20, 2020

Կրկին անդրադառնանք «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Այո, առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:

Իսկ հիմա խոսենք փաստերով`

Ապատեղեկատվություն 4. Մեկ ու կես տարի անց պարզվում է, որ առողջապահական բյուջեի 25% բարձրանալու պայմաններում պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար գումարներն աճել են 32%-ով: Իսկ դրանք բաշխվել են այնպես, որ Երևանում տեղակայված բուժհաստատություններին իջեցված պետպատվերի գումարներն աճել են ամենաշատը: Արսեն Թորոսյանը շեղվել է անցած տարվա իր հայտարարությունից: Նախ տարօրինակ է, որ Թորոսյանը չհրաժարվեց այդ արատավոր պրակտիկայից, որ առողջապահության նախարարի ընդամենը մեկ հրամանով խիստ կասկածելի հիմքերով բաշխվում է պետական բյուջեի 5%-ը, նման հնարավորություն որևէ գերատեսչական ղեկավար չունի, Թորոսյանն ունի և առատորեն օգտվում է դրանից:

Պատասխան. 2018-2020 թվականների ընթացքում պետական բյուջեից բժշկական օգնության և սպասարկման մասով (հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ) հատկացումներն աճել են շուրջ 40%-ով, այսպես՝ 2018 թվականին հատկացվել է 67,18 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 85,84 մլրդ դրամ, 2020-ին՝ 95,303 մլրդ դրամ:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իականացվող ծառայությունների ծավալների մեծացման պարագայում մայրաքաղաքի կլինիկաներում, մարզային կազմակերպություններում դիտվում է պետական պատվերով հատկացումների աճ:

Համեմատելով վերջին 3 տարվա Երևան-մարզեր ֆինանսական հատկացումները` կարող ենք արձանագրել. 2017 թվականին Երևանում տեղակայված բժշկական կազմակերպություններին հատկացված պետական պատվերի գումարները կազմել են ընդհանուր հատկացումների շուրջ 59%, 2018, 2019 թվականներին՝ գրեթե 55%, այսինքն` ունենք նվազման տենդենց: Ինչ վերաբերում է մարզային կազմակերպություններին, ապա, օրինակ` Լոռու մարզում 2017, 2018 թվականների համեմատ պետական պատվերով ֆինանսական հատկացումներն ավելացել են գրեթե 30,0%,-ով, Շիրակի մարզում՝ գրեթե 20,0%,-ով, Սյունիքում` 2018-ի համեմատ աճել է գրեթ 26,0%-ով:

Ապատեղեկատվություն 5. Առողջապահական համակարգում միջոցների բաշխման ընթացքում հովանավորչությունը խորը արմատներ ունի:

Պատասխան. «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում «ՄԻԲՍ» ՍՊԸ-ն 2018 թվականին պետական պատվեր է իրականացրել ոչ ամբողջական տարի և հետևաբար, կազմակերպության 2019 թվականի պայմանագրային գումարի հաշվարկի մեջ հաշվի են առնվել փաստացի կատարողականը, հերթագրումները, սարքավորումների թողունակությունը:

Ի դեպ, պետական պատվերի շրջանակներում ՄՌՏ, ԿՏ հետազոտություններ իրականացնում են թվով 27 բժշկական կազմակերպություն, որոնց ֆինանսավորումը 2019 թվականին համամասնորեն աճել է: «ՄԻԲՍ» և «Արմամաքս» ՍՊԸ-ների պայմանագրային գումարներն ավելացել են ճիշտ այնքան, ինչքան դժվարամատչելի հետազոտություններ իրականացնող բոլոր հաստատությունների տվյալ ծրագրով պայմանագրային գումարները:

Չհակասելով մեր քաղաքականությանը, ուրախությամբ պետք է նշենք, որ 2019-ին վերջապես ՄՌՏ հետազոտության հնարավորություն ունեցանք Երևանից դուրս: Շիրակի մարզում սկսեց պետական պատվեր իրականացնել «ՄՌՏ Էքսպերտ Անդրկովկաս» ՍՊԸ-ն, որը ռուսական մեծ ցանց է և ունի շուրջ 60 ախտորոշիչ կենտրոն Ռուսաստանում և ԱՊՀ տարածաշրջանում: Պայմանագրային գումարը հաշվարկվել է` ըստ տարածաշրջանի պահանջարկի: Հարկ է նշել, որ գործարկումից ի վեր մոտ շուրջ 2300 քաղաքացի հետազոտման համար չի հասել մայրաքաղաք:

«ԷՄԵՌՏԵԷՔՍՊԵՐՏ-ի դեպքում պատկերն ավելի կասկածելի է: Այս կլինիկան փաստացի գործունեություն սկսել է ծավալել 2018-ի հունիսին, այսինքն` Արսեն Թորոսյանի նախարար դառնալուց 1 ամիս անց, գործել է այն նույն ոլորտում, որտեղ բիզնես հետաքրքրություններ ունի գործող նախարարը» ձևակերպումը առնվազն ծիծաղելի է: 2018 թվականից շատ կազմակերպություններ են սկսել գործել ոլորտում, որոնք ևս առողջապահության նախարար հովանավորության տակ չեն:

Ինչ վերաբերում է զինծառայողների արտահիվանդանոցային ուղեգրման գործընթացի փոփոխությանը, ապա այն բխել է շահառուների գրավոր և բանավոր բազմաթիվ բողոքներից, որի դեպքում քաղաքացին գալիս էր Երևան ուղեգիր ստանալու համար, ապա վերադառնում մարզ՝ հետազոտությունն իրականացնելու: Կրկին հիշեցնենք, որ ուղեգրերում չեն ամրագրվում ուղեգրվող կազմակերպության անվանումը, և քաղաքացին ազատ է իր ընտրության մեջ:

Շարունակելի...

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել