Նորություններ

Կբարելավվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը

Հունվարի 30, 2020

Կառավարության նիստում ընդուվել է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին» որոշումը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով հստակեցվել և սահմանվել են մի շարք հասկացությունների սահմանումները: Ամրագրվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, ընդ որում, որպես նշված իրավունքների իրականացման երաշխիք, սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, հոգեբուժական կազմակերպության պարտականությունները և վերջիններիս պատասխանատվությունը, կարգավորվել են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը, ընդ որում` նման սահմանափակումները կարող են իրականացվել բացառապես հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա անհնարինության դեպքում` հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ:

Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը և պայմանները, այդ թվում՝ սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը:

«Նախագծով հստակեցվել են ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, այնպես էլ վճարովի հիմունքներով տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալները, հոգեբուժական օգնության և սպասարկման և սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շրջանակը», - մանրամասնել է նախարարը:

Նախագծով առաջին անգամ ամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն, ինչպես նաև` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները: Տարանջատվել են ոչ հոժարակամ և հարկադիր հսկողության կամ բուժման տեսակները և սահմանվել են դրանց իրականացման կարգերը:

Բացի այդ, կարգավորվել է դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովային ընթացակարգով իրականացման կարգը` նախատեսելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ:

Հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման նկատմամբ, պետական վերահսկողությունից զատ, ամրագրվել է նաև հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկումը:

Այսպիսով` օրենքի նախագծի ընդունմամբ կբարելավվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը` սահմանելով մեխանիզմներ դրանց պաշտպանության համար, ապահովելով դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը` միջազգային չափանիշներին համապատասխան:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել