Նորություններ

Արսեն Թորոսյանի ամփոփիչ ասուլիսը

Հունվարի 31, 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության կողմից իրականացված ծրագրերին և ընթացիկ տարվա անելիքներին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ նոր կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ: Նախարարը հայտնել է, որ կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ:

«Նիստի ընթացքում մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները: Քննարկվեց նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ մոտ ժամանակներս` 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի: Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, կատարվում են: Դրա մեջ են մտնում են սահմանային հսկողությունից սկսած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումն ու վարումը», -ասել է Արսեն Թորոսյանը:

Այնուհետև նախարարն անդրադարձել է 2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության կողմից իրականացված ծրագրերին և 2020-ի նոր ծրագրերին ու անելիքներին:

2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանն ու բժշկական ծառայությունների հասանելիությանը`

  1. ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված անձանց համար պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հասանելի են դարձել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող մի շարքբժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:
  2. Ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը հունվարից իրականացվում է պետական պատվերի շրջանակներում և տարվա ընթացքում կատարվել է 4428 վիրահատություն: Հուլիսից նաև ճառագայթային բուժումն է իրականացվումպետական պատվերի շրջանակներում: 2019-ի ընթացքում սպասարկվել է 1351 պացիենտ:
  3. Ընդլայնվել են պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները: 2019-ին պետական պատվերի շրջանակերում կատարվել է 2132 վիրահատություն:
  4. Փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Տարվա ընթացքում պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 345 քաղաքացի:
  5. Ապրիլից ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որի նպատակն է հեռավոր մարզերում բնակչությանն առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպումը` պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը և Երևանի առաջատար բժշկական կենտրոններում մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպումը: Տարվա ընթացքում կատարվել է 82 թռիչք:
  6. Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն հուլիսից ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, նախկինում այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկանները: 2019-ին սպասարկվել է 89685 երեխա:
  7. Սեպտեմբերից մեկնարկել է անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագիրը, որով սահմանվել են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները:
  8. Վերանայվել են շտապ բժշկական օգնության նորմատիվները և գները, որի արդյունքում հերթապահող բրիգադների քանակն ավելացել է՝ ապահովելով ծառայության հասանելությունը:
  9. Հանրային առողջապահության ուղղությամբ ևս քայլեր են կատարվել: «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայ­աստանի Հան­րապետության օրեն­քների նախագծի փաթեթն Ազգային ժողովում անցել է առաջին ընթերցումը:
  10. Պետական բյուջեով ձեռք են բերվել թվով 14 անվանում հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիաթերապիայի համար։
  11. Շուրջ 400 անունդեղ, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքների համար` հուլիսի 1-ից տրամադրվում են անվճար:
  12. Առողջապահության նախարարության միջնորդությամբ մարզերում աշխատանքի է նշանակվել նպատակային կլինիկական օրդինատուրայի 36 շրջանավարտ:
  13. Ներդրվել է վերակենդանացման բաժանմունքների ազատ մահճակալների ցուցադրման և շտապօգնության ծառայությանը փոխանցման մոդուլը: Նաև մշակվել, հաստատվել և իրականացվել է պետական պատվերի շրջանակներում էլեկտրոնային ուղեգրման և հերթագրման պիլոտային ծարագիր:
  14. Ավելացել են առողջության առաջնային պահպանման մեկ բնակչի համար միջինացված գները, որի արդյունքում բարձրացվել է առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը՝ 10-15%-ով:
  15. Սոցիալական փաթեթի առողջապահության բաղադրիչի շահառուների բազայում ներառվել են բուժաշխատողների նոր խմբեր (շտապօգնության ծառայության, արյան կայանի աշխատողներ)` 620 անձ:
  16. Պետական մասնակցությամբ 2019-ին երիկամի վիրահատություն է իրականացվել 20 քաղաքացու, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել 13 քաղաքացու:

2020-ի նոր ծրագրերը և անելիքները`

  1. Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում նոր մարզային հիվանդանոցի և Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ շենքերի կառուցման նպատակով մշակվել է տիպարային նախագիծ, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել նմանատիպ այլ բժշկական կազմակերպություններ նախագծելու համար։

Գարնանը կմեկնարկեն Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները։

  1. Մարտունու ԲԿ-ի հեմոդիալիզի ծառայությունը արդեն իսկ սկսել է իր աշխատանքը՝ հնարավորություն ընձեռնելով Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների շուրջ 25-30 պացիենտներին իրենց բնակավայրերին մոտ ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։
  2. 2020թ. Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սքրինինգների ծրագիրը շարունակվելու է և իր մեջ նախատեսում է ընդգրկել շուրջ 300,000 բնակչության: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 2020թ. նախատեսվում է ընդգրկել շուրջ 66,000 կին, իսկ հղիության ընթացքի վերահսկման նպատակով նախատեսվում է 2020թ. իրականացնել շուրջ 17,000 հետազոտություն:
  3. Այս տարի աշխատանքներ պետք է տարվեն բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Նախատեսվում է 2021-ից ներդնել նաև Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում, Շիրակի մարզի «Գյումրու» և Լոռու մարզի «Վանաձորի» ԲԿ-ներում:
  4. Ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը: 2020թ.արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայության մասով պետական պատվեր է տեղադրվել 4 բժշկական կազմակերպությունում, ընդ որում 1-ը` Երևանում, մնացածը Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում: 2020թ. ընթացքում նախատեսվում է պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ ծավալել ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» /թվով 10` ուռուցքային և արյան հիվանդություններով երեխաների պալիատիվ բուժօգնության համար/ և ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռոցքաբանության ազգային կենտրոնում»:
  5. Մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային Տրաստուզումաբ դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, աշխատանք կտարվի դեղատներում Տրաստուզումաբ դեղի մանրածախ գնի իջեցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական մետաստատիկ քաղցկեղ ունեցող հիվանդներին, որոնք ընդգրկված չեն պետական ծրագրում, բարձրացնելու թիրախային բուժման հասանելիությունը:
  6. Մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։ 2020թ. Ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
  7. Եռամյա պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ: Պայմանագրի կնքման շնորհիվ, 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան կտրամադրվի ինսուլին դեղերը:
  8. 2020 թվականից ՀՀ-ում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող շուրջ 43 երեխաների` յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, անխափան կտրամադրվեն աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչ-ներարկիչով:
  9. 2020-ից Հայաստանում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 1000 հիվանդների անխափան կտրամադրվեն հակավիրուսային նորագույն դեղեր:
  10. Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականին նախատեսվում է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք բերել 25 անվանում ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան հիվանդներին:
  11. Ներդրվել է ֆինանսական փոխհատուցման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը, որի արդյունքում «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագիր:
  12. Այսուհետև մինչև 18 տարեկան երեխաներն ախտորոշման ճշտման նպատակով կարող են հիվանդանոցային նեղ մասնագիտացված կենտրոններում անցնել ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն:
  13. Ներդրվել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծրագիրը (emergency), որի շրջանակներում հիվանդանոց դիմած անհետաձգելի բուժօգնության դեպքերը, որոնք չունեն անհրաժեշտություն շուրջօրյա հսկողության, կսպասարկվեն ընդունարանում ծավալված անհետաձգելի բուժօգնության ծառայության (emergency) կողմից:
  14. Մեկնարկել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի նորածնային սկրինինգի ծրագիրը: Թվով 50 մանկաբարձական ծառայություն իրականացնող կազմակերպություններում տեղադրվել է պետական պատվեր: Արդյունքում` կկանխվի երեխաների մոտ կոնքազդրային հոդախախտի ուշ հայտնաբերումը և հաշմանդամությունը:
  15. Առողջության առաջնային օղակում մեկնարկել է «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ» ծրագիրը (ՍԳԼ և «Բեռլին պոլիկլինիկա»):
  16. Պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերվել սարքեր (ՄՌՏ, ԿՏ, նեյրոնավիգատոր և մանրադիտակ) և հատկացվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին:
  17. Սքրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի առաջիկայում: Առաջին կանգառը կլինի Լոռու մարզում և բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ կիրականացվեն:
  18. Մարզերում առողջության առաջնային պահպանման ծառայութունների բարելավման նպատակով ձեռք են բերվել առաջին բժշկական օգնության հավաքածուներով հագեցած 620 պայուսակներ, որոնց բաշխումը գյուղական գործող բուժակ-մանկաբարձական կետերին արդեն իսկ մեկնարկել է։
  19. Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացվել: Մեքենաները գնվել են Հայաստանի պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին:
  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել