Նորություններ

Նախատեսվում է ծառայության աշխարհագրությունն ընդլայնել

Փետրվարի 01, 2020

Մեկ տարի առաջ մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը: Եվ այս մեկ տարվա ընթացքում պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն է ստացել 403 քաղաքացի:

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված Կաթվածի համապարփակ կենտրոններում` «Էրեբունի» բժշկական կենտրոնում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հիշեցնենք, որ կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման համար հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:

Երևանում և ՀՀ մարզերում շտապօգնության ծառայության միջոցով ապահովվում է «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշման կասկածով պացիենտի առաջին բժշկական օգնությունը, ճշտվում գլխուղեղի կաթվածի նշանների ի հայտ գալու ժամանակը` գնահատվում դեպքը` որպես սուր և/կամ ենթասուր (<24ժ) կաթված, որից հետո իրականացնում է պացիենտի տեղափոխումը Կաթվածի համապարփակ կենտրոն:

Նախքան տեղափոխումը շտապօգնության ծառայության մասնագետը կապ է հաստատում պացիենտի գտնվելու վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված Կաթվածի համապարփակ կենտրոնի հերթապահ բժշկի հետ` նշելով ժամանման կանխատեսվող ժամանակահատվածը:

Նշենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը:

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայություններից հետո պացիենտի հսկողությունը կազմակերպվում է ծառայությունն իրականացրած Կաթվածի համապարփակ կենտրոնի նյարդաբանի կողմից` հիվանդանոցից դուրս գրման 1-ին, 6-րդ, 12-րդ ամիսներին:

Այս տարի աշխատանքներ են իրականացվելու բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծառայության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: Նախատեսվում է 2021-ից ծառայությունը ներդնել նաև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Շիրակի մարզի «Գյումրու» և Լոռու մարզի «Վանաձորի» բժշկական կենտրոններում:

  • 8003

  • hotline@moh.am

բաժանորդագրվել